flag

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Վճռաբեկ դատարան

ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 171-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի
Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական
արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում
վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական
օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ
դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:

Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն
ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների
կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ
իրավաընկալման հետևանքով:

Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով
Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության
բուն էությունը:

Վճռաբեկ դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական
օրենսգրքերով սահմանված կարգով, ժամկետներում և ենթակա չեն բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը գործում է երկու պալատով, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս
որպես Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանում գործում են՝
1) քրեական պալատը՝ վեց դատավորի թվակազմով,
2) քաղաքացիական և վարչական պալատը՝ տասնմեկ դատավորի թվակազմով, որոնք համարվում են
միաժամանակ քաղաքացիական և վարչական մասնագիտացումներ ունեցող:

Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքն է:

Վճռաբեկ դատարանի պալատի դատավորն ունի օգնականներ:

Օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ, որոնք
նշանակվում և ազատվում են դատավորի ներկայացմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանի նախագահը՝ ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի
լիազորությունների՝
1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է
վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է
Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) Վճռաբեկ դատարանի դատավորի, այդ թվում՝ պալատի նախագահի կողմից դատավորի վարքագծի
կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է
ներկայացնում Կարգապահական հարցերի հանձնաժողով.
6) իրականացնում է այլ լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝ ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի
լիազորությունների՝
1) կազմակերպում է պալատի աշխատանքները.
2) վարում է պալատի նիստերը.
3) Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում
հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Կարգապահական հարցերի
հանձնաժողով:

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը Դատական դեպարտամենտի առանձնացված
ստորաբաժանումն է։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են
ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Վազգեն Սարգսյան
5 հասցեում,
հեռախոս՝ 511-751։

Translate »